Լոս Անջելեսում խանութից 100 հազար դոլար ընդհանուր արժողությամբ հագուստ են գողացել
ԱՄՆԼոս Անջելեսի Nordstrom խանութից ավազակախումբը գողացել է տասնյակ հազարավոր դոլարների ապրանք։ Այդ մասին գրում է The New York Post-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ շուրջ 50 մարդ՝ գլխարկներով և դիմակներով, ներխուժել է Topanga Mall-ում գտնվող Nordstrom շքեղ հագուստի խանութ: 16:00-ի սահմաններում նրանք սկսել են կոտրել ապակիները, վերցնել թանկարժեք պայուսակներ և հագուստ: Խանութի աշխատակիցները լուռ հետևել են այն ամենին, ինչ կատարվել է։
Հանցագործներին հաջողվել է տանել 60-100 հազար դոլարի ապրանք: Կողոպուտից հետո նրանք մի քանի BMW և Lexus մակնիշի ավտոմեքենաներով դիմել են փախուստի։
«Հանցագործների համար սա պարզապես գողացված գույք է։ Նրանց համար, ովքեր ապրում են տարածքում և այցելում են Topanga Mall, սա անվտանգության կորստի զգացում է: Ոստիկանությունը կգործադրի բոլոր ջանքերը՝ մեղավորներին ձերբակալելու և պատասխանատվության ենթարկելու համար», - ասվում է Լոս Անջելեսի ոստիկանության հայտարարության մեջ: