Սոս Ջանիբեկյանին նշանակում են «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն․ դերասանները դեմ են, բունտ է հասունանում
ՀասարակությունԵրեւանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի շուրջ բունտ է հասունանում։ Քաղաքապետարանը պատրաստվում է, կամ արդեն ոչ ֆորմալ թատրոնի տնօրեն է նշանակել դերասան Սոս Ջանիբեկյանին։ Ավելին, Ջանիբեկյանն այս օրերին այցելում է թատրոն, միջամտում է վերանորոգման աշխատանքներին։
Թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ դերասանները դեմ են Ջանիբեկյանի նշանակմանը։
«Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մակիչ Մարգարյանն է ինձ ասել, որ Սոսը թատրոնի տնօրեն է նշանակվել, քաղաքապետարանից նրան արդեն ներկայացրել են։ Իմ այն հարցին, որ տնօրենն ընտրվում է մրցույթով, սա օրենքի խախտում է, պատասխանեց՝ չգիտի մանրամասները»,-պատմեց Չոբանյանը։
Նրա խոսքով՝ թատրոնի անձնակազմը չի ցանկանում աշխատել «Մհեր Մկրտչյան» թատրոնի հետ կապ չունեցող անձանց հետ։ Չոբանյանը նշեց, որ դերասանները տնօրենի պաշտոնում իրեն են տեսնում։
«Թատրոնի ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմով հանդիպել ու զրուցել ենք։ Նրանք դեմ չեն եղել, որ ես լինեմ իրենց ներկայացնողն ու տնօրենը, հաշվի առնելով, որ մոտ 7-8 տարի է աշխատում եմ թատրոնում»,-ասաց նա։
Առանց մրցույթի թատրոնի տնօրեն չեն կարող նշանակել, դա օրենքի կոպտագույն խախտում է։ Չոբանյանն ասում է՝ իշխանություններից հեռու չէ, կփորձեն ինչ-որ ձեւով շրջանցել օրենքը։ Իսկ եթե քաղաքապետարանը, այնուամենայնիվ, շարժվի օրենքով եւ մրցույթ հայտարարի, Չոբանյանը շեշտեց՝ կմասնակցի դրան եւ գուցե հենց ինքն էլ հաղթի։