Ուժեղ, հզոր, պայքարի մեջ գտնվող ժողովրդին հասնում է հզոր իրականություն․ Տավուշի թեմի առաջնորդ
ՀասարակությունԻրականությունը չի կարող թելադրել, թե ինչպիսին մենք լինենք։ Մենք ենք, որ պիտի թելադրենք, թե ինչպիսի իրականություն պիտի ունենանք, իր քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը․
«Ժողովուրդ ջան, մեզնից դուրս ուրիշ իրականություն չկա։
Մենք ենք ստեղծում մեր իրականությունը․ ինչպիսին ենք, այդպիսին էլ կլինի մեր իրականությունը։
Իրականությունը չի կարող թելադրել, թե ինչպիսին մենք լինենք։ Մենք ենք, որ պիտի թելադրենք, թե ինչպիսի իրականություն պիտի ունենանք։
Ժամանակը չի՛ կարող մեզ ստիպել ապրել իր կանոններով ու թելադրանքով։ Մենք ենք, որ ստիպում ենք ժամանակին ենթարկվել մեզ։
Տկար, թշվառ ժողովրդին հասնում է թշվառ իրականություն։
Ուժեղ, հզոր, աստվածապաշտ, ոչ մի բանից չվախեցող, պայքարի մեջ գտնվող ժողովրդին հասնում է հզոր իրականություն։
Ինչպես առաքյալն է ասում՝ անձկություն, սուր, հուր, մերկությունը, ոչ մի բան ինձ չի կարող բաժանել այդ զոհաբերական մեծ սիրուց»,- նշել է նա։