Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված Հելեն Դադայանի ընտանիքը ԿԽՄԿ-ին է դիմել նրա մարմինը Արցախ տեղափոխելու խնդրանքով
ՀասարակությունԵրևան-Գյումրի ավտոճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով զոհված արցախցի Հելեն Դադայանի մարմինն Արցախ տեղափոխելու խնդրանքով Հելենի հարազատները դիմել են ԿԽՄԿ-ին։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին հաստատեց, որ ընտանիքը դիմել է կազմակերպությանը։
«Մենք պատրաստակամ ենք աջակցելու, այս պահին որևէ այլ հաստատում չեմ կարող տալ»,- ասաց Զառա Ամատունին:
Հիշեցնենք, որ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Վթարի հետևանքով զոհված 11 քաղաքացիներից մեկը՝ Հելեն Դադայանը, արցախցի է, նրա հարազատներն այժմ Արցախում են՝ բլոկադայի մեջ։