ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց, առանձնազրույցներ ունեցել
ԻրավունքՍեպտեմբերի 19-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության բաժիններ, Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտե։ Պաշտպանի ներկայացուցիչները տարբեր բժշկական հաստատություններում տեսակցել են մարմնական վնասվածքներ ստացած անձանց, այդ թվում՝ ոստիկանության ծառայողներին, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Նշված ժամանակահատվածում Պաշտպանի ներկայացուցիչները վերոնշյալ մարմիններում առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված ավելի քան 150 անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու (ձերբակալման) հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը, պարզաբանվել են ազատությունից զրկված անձանց իրավունքները։
Պաշտպանի աջակցությամբ մի շարք դեպքերում ապահովվել է փաստաբանների մուտքը ոստիկանության տարբեր բաժիններ և քննչական մարմիններ՝ անձանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով, ինչպես նաև անհրաժեշտ իրավիճակներում երաշխավորվել է անձանց բժշկական օգնության իրավունքի իրացումը։