Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
ՔաղաքականՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:
Վաչե Տերտերյանը նշել է, որ ոլորտում ուսումնասիրություններից հետո հանգել են այն եզրակացության, որ աղբահանության կազմակերպումն առավել արդյունավետ կլինի, եթե այն իրականացվի ռեգիոնալ կառավարման սկզբունքով: Այն ենթադրում է մի քանի տարածաշրջանների թափոնների հավաքագրում, տեսակավորում և վերամշակում:
Ներկայացնելով ընդհանուր իրավիճակը՝ Տերտերյանը խոսել է նաև «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» մասին, ներկայացրել կատարված աշխատանքները, առկա հնարավորությունները, և առաջարկել ՀԲ-ի ներկայացուցիչներին ավելի մանրամասն ուսումնասիրել տվյալ ծրագիրը և ներկայացնել առաջարկներ:
Համաշխարհային բանկի քաղաքաշինության ավագ տնտեսագետ Մարկուս Լիին հետաքրքրվել է Երևան և Գյումրի քաղաքներում աղբահանության կազմակերպման մանրամասներից՝ ցանկանալով համապարփակ պատկերացում կազմել այդ քաղաքներում ոլորտի վերաբերյալ:
Նախարարի տեղակալը խոսել է կոշտ կենցաղային թափոնների կառավարման ոլորտում Երևանի ունեցած առանձնահատկություններից, միջազգային հաջող փորձերից և մի շարք այլ հարցերից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս։