Փաշինյանը վստահեցնում է՝ Սահմանադրության փոփոխության նպատակն այն իշխանությանը հարմարեցնելը չէ
ՔաղաքականՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հնարավոր նոր Սահմանադրության ընդունման նպատակը Սահմանադրությունն իշխող քաղաքական ուժին, այդ ուժի ղեկավարին հարմարեցնելը չէ:
Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սոնա Ղազարյանի՝ հնարավոր Չորրորդ Հանրապետության ստեղծման վերաբերյալ քննարկումների մասին հարցին:
«Ես Չորրորդ Հանրապետություն ասելով ի՞նչ ի նկատի ունեմ. ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրության փոփոխություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից, և բոլորը, նույնիսկ նրանք, որոնք դեմ են քվեարկել, ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը շեշտեց, որ իրենց կառավարման օրոք Հայաստանում ոչ մի մակադրակում ոչ մի ընտրակեղծիք չի եղել և չի կարող լինել:
«Եթե անկեղծ ասեմ՝ կառավարությունը, կառավարող քաղաքական ուժը չունի սեղանին դնելու փաթեթ, որ ասի սա է առաջարկում: Եվ դա վատ չէ, ընդհակառակը՝ լավ է, նախ հանրության մեջ պետք է տեղի ունենա քննարկում, թե դա ինչի մասին է, ինչի համար է»,-նշեց նա՝ կարևորելով, որ խոսակցություն տեղի ունենա, ըմբռնում ձևավորվի, որ դա կարևոր է, պետք է անել, հետո նոր անցնել կոնկրետ բովանդակությանը:
Վարչապետը հավելեց՝ ավանդույթ կա, երբ սահմանադրությունները հարմարեցրել են կամ գործող կառավարությանը, կամ գործող կառավարության ղեկավարին: «Մեր մտադրություններն այդպիսին չեն և չեն կարող լինել, քանի որ դրա անհրաժեշտությունն ուղղակի չկա»,-նշեց Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: Ավելի ուշ հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինքը նոր Սահմանադրություն առաջարկո՞ւմ է նոր՝ Չորրորդ հանրապետության համար՝ վարչապետը պատասխանել էր, որ դա գաղափարներից մեկն է: