ՏԿԵ նախարարի համոզմամբ՝ համայնքային ճանապարհների սպասարկման աշխատանքները չկատարած ընկերությունները չպետք է վճարվեն
ՔաղաքականՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի համոզմամբ՝ ճանապարհների փոսալցման խիստ անհրաժեշտության դեպքում սպասարկող ընկերությունները կարող են այլ նյութերով լուծումներ գտնել՝ մինչև եղանակային պայմանները թույլ կտան ասֆալտբետոնե ծածկույթով այդ աշխատանքները կատարել։
Այս մասին Սանոսյանն ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ նշելով, որ չնայած համայնքային ճանապարհները նախարարության տիրույթում չեն գտնվում, սակայն կան համապատասխան կարգավորումներ, և ճանապարհը սպասարկող ընկերությունները պետք է այդ նորմերով իրականացնեն աշխատանքները։
«Այդ աշխատանքների վերահսկման համար կան համապատասխան մասնագետներ, որոնք ֆիքսում են այդ տարածքում չկատարված աշխատանքը և դրա համար պետք է ընկերությունը կամ ընկերությունները չվճարվեն»,-նշեց գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ փոսալցման աշխատանքները սկսվում են ապրիլի սկզբից, սակայն հնարավոր է նաև կրիտիկական իրավիճակների համար լուծումներ գտնել։
Անդրադառնալով նախարարությանը ենթակա միջպետական և հանրապետական ճանապարհների սպասարկմանը, Սանոսյանը հայտնեց, որ անցած տարվա ամառվանից կիրառվում է ճանապարհների կառավարման էլեկտրոնային համակարգ։
Դրանով իրականացվում են հանրապետական ու միջպետական ճանապարհների սպասարկող 34 ընկերությունների կառավարումը՝ խնդիրների գույքագրման և դրանց վերացման, ժամկետների, տուգանքների առումով։
Ըստ նախարարի՝ համակարգի շնորհիվ մեծ փոփոխություն է արձանագրվել նախարարության ենթակայության ներքո գտնվող ավտոճանապարհների սպասարկման վերահսկողական մոնիթորինգային աշխատանքում և խնդիրների լուծման առումով։