Պարեկները կանխեցին դանակահարողի փախուստը. նա ձերբակալվել է
ԻրավունքՓետրվարի 10-ի գիշերը, ժամը 1.15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձը դանակահարել է իր եղբորը:
Րոպեներ անց հիվանդանոցից է հաղորդում ստացվել. «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել արտաշատցի 24-ամյա երիտասարդի:
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ կեսգիշերն անց Արտաշատ քաղաքի Խաչատրյան-Աղայան փողոցների խաչմերուկում հիվանդանոց տեղափոխված երիտասարդն ու 39-ամյա համաքաղաքացին վիճաբանել էին, ոտքերով ու ձեռքերով փոխադարձ հարվածներ հասցրել իրար, այդ ընթացքում էլ 39-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածել էր 24-ամյա երիտասարդի կրծքավանդակին:
ՆԳՆ ոստիկանության ՊԾ կարգախմբի ծառայողների կողմից 39-ամյա տղամարդու փախուստը կանխվել է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Հանգամանքները պարզվում են:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: