«Լուրջ հարված՝ խաղաղության գործընթացին»․ Բաքուն մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ–ի հասցեին
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի ԱԳՆ–ն Հայաստանին մեղադրել է «պրովոկացիայի» մեջ և հայտարարել, թե «դա լուրջ հարված է Բաքվի և Երևանի խաղաղության գործընթացին»։
Պաշտոնական Բաքուն նաև մեղադրանքներ է հնչեցրել ԵՄ դիտորդական առաքելության հասցեին՝ պնդելով, թե «լուրջ հարցեր է առաջացնում այս առաքելության նպատակների և մտադրությունների վերաբերյալ»։
«Ադրբեջանի դեմ նման սադրանքների պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,– հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ–ն։
Ավելի վաղ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարել էր, որ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է:
«Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»,- ասված էր հաղորդագրությունում: