Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՔաղաքականՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարին 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:
Զրույցի սկզբում կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խթանման միջոցով:
Քննարկվել է խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակում փոխգործակցության ընդլայնման եւ զարգացման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը դեսպանին է ներկայացրել փետրվարի 13-ի առավոտյան Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական սադրանքը, որի հետեւանքով հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:
Դեսպանն իր խորը մտահոգությունն է հայտնել դեպքի առնչությամբ եւ ընդգծել, որ Ֆինլանդիան միջազգային գործընկերների հետ կշարունակի հետեւել Հարավային Կովկասում անվտանգության եւ խաղաղության հաստատման գործընթացին` փորձելով նպաստել խաղաղության հաստատմանը:
Անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին` դեսպան Կիրստի Նարինենը բարձր է գնահատել Հայաստանում առկա ժողովրդավարական գործընթացները:
Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: