Քաղաքաշինության բնագավառում կներդրվի վերաորակավորման համակարգ, կստեղծվի որակավորված մասնագետների վարկանիշավորման ցանկ
ՔաղաքականԳործադիրը հաստատել է Քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման կարգը: Ըստ հիմնավորման՝ քաղաքաշինության բնագավառում մասնագիտական կրթության, վերաորակավորման և շարունակական մասնագիտական զարգացման գործընթացները գտնվում են բոլոր երկրների զարգացման և կառուցապատողներին որակյալ մասնագիտական ծառայությունների տրամադրման հիմքում: Միջազգային փորձը փաստում է, որ շարունակական մասնագիտական զարգացումը (ՇՄԶ) նպաստում է կապալառու կազմակերպությունների կողմից ծառայությունների որակի բարձրացմանը:
Մասնագիտական գործունեության թույլտվությունը որոշակի ժամանակային պարբերականությամբ պետք է թարմացվի և դա կապակցվում է վերաորակավորման կրեդիտների պահանջների կատարման հետ: ՇՄԶ ստեղծման հիմք է հանդիսանում վերաորակավորման համակարգի ներդնումը: Ներկայումս Հայաստանում չի գործում քաղաքաշինության բնագավառում շարունակական մասնագիտական զարգացման օբյեկտիվ և արդյունավետ համակարգ, չի իրականացվում մասնագետների որակական մակարդակի գնահատման գործընթաց:
Որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է մասնագետների որակավորման բարձրացման նպատակով քաղաքաշինության բնագավառում վերաորակավորման համակարգի ներդրում՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցով: Կստեղծվի որակավորված մասնագետների վարկանիշավորման ցանկ՝ համապատասխան ռեգիստրի ստեղծմամբ: