Գեղարքունիքի մարզպետն այցելել է Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի շինհրապարակ
ԲլոգոսֆերաԳեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի նորակառույց շենքի շինհրապարակ։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետին ուղեկցել են տեղակալ Ջանիկ Բազեյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ՔՀ և ԵԿ վարչության պետ Սասուն Սահակյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներ։
Մարզպետը զրուցել է պատվիրատու կազմակերպության՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչների և շինարարների հետ, նկատված թերությունների շուրջ արել դիտողություններ և առաջարկություններ, դրանք շտկելու համար տվել համապատասխան հանձնարարականներ։
Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցումն իրականացվում է ՀՀ պետբյուջեի միջոցներով։
Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 1 մլրդ 746 մլն դրամ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հունվարից և իրականացվել են շուրջ 40 տոկոսով։
Ծրագրի ավարտից հետո Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցը կունենա արդի չափորոշիչներին համապատասխանող բոլոր պայմանները՝ նախատեսված 970 աշակերտի համար։
Նախագծով այն ունենալու է շուրջ 7 հազար քմ մակերես, 6 մասնաշենք։ Նորակառույց շենքը, բացի տարրական դասարանների մասնաշենքից, ունենալու է նաև հիմնական ու ավագ դպրոցների համար նախատեսված մասնաշենքեր, մարզադահլիճ, վարչական մաս, ճաշարան և նիստերի դահլիճ։