Թուրք պաշտոնյան «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ Ադրբեջանի հետ միասնական պետություն է տեսնում
ՔաղաքականԶանգեզուրի միջանցքի բացմամբ Ադրբեջանն ու Թուրքիան անմիջականորեն կապվելու են միմյանց հետ այս միջանցքով և կկարողանան իրար անհրաժեշտ բեռը մատակարարել, այլ ոչ այլ երկրների միջոցով։ Դրա մասին APA-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի պետական երկաթուղիների TCDD Taşımacılık-ի գլխավոր տնօրեն և կառավարան խորհրդի նախագահ Ուֆուկ Յալչընը։ Գրում է 168․am-ը։
Ըստ նրա՝ «վերջին գործընթացները վկայում են, որ մոտ ապագայում «Զանգեզուրի միջանցքի» Կարսին միանալով Ադրբեջանը և Թուրքիան կկարողանան ավելի արդյունավետ և արագ գործել որպես միասնական պետություն»։
«Մենք միասին դրա ականատեսը կդառնանք։ Կարծիքներ ու քաղաքական հայտարարություններ կան նաև այլ երկրներից։ Բայց եղբայրական Ադրբեջանը և մենք կամաց-կամաց քանդելու ենք մեր միջև եղած սահմանները և մեր միասնությունն ավելի բարձր մակարդակի կհասցնենք։ Ահա թե ինչ է նշանակում «Զանգեզուրի միջանցքը»»,- հավելել է Ուֆուկ Յալչընը։
Ակնհայտ է, որ թուրք պաշտոնյան նման արտահայտություններով է խոսում Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին, որից էլ Անկարան և Բաքուն պահանջում են իրենց բաղձալի «միջանցքը»։ Ինչպես հետևում է «մենք աստիճանաբար քանդելու ենք մեր միջև սահմանները» հայտարարությունից, Ուֆուկ Յալչընը թքած ունի հենց Հայաստանի սահմանների վրա։