Կարեն Անդրեասյանը ՔՊ-ին սպառնացել է, որ ինքը հեռանալու է Գրիգոր Մինասյանի հետ. 24news.am
ՔաղաքականԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, որը բավական մտերիմ հարաբերություններ ունի արդարադատության գործող նախարար Գրիգոր Մինասյանի հետ, ԱԺ ՔՊ խմբակցությանը սպառնացել է, որ եթե իր ընկերոջը հեռացնեն աշխատանքից, նա նույնպես հրաժարականի դիմում է գրելու։ Այս մասին 24News-ին հայտնել է ՔՊ խմբակցությունից մի պատգամավոր, որը ցանկացել է անանուն մնալ։
«Անդրեասյանը հստակ մեզ ասել է, որ եթե ձեր ստորագրահավաքի արդյունքում վարչապետը Գրիգոր Մինասյանին հեռացնի աշխատանքից, ապա մի դիմում էլ ես եմ գրելու», - նշել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ խմբակցությունում արդեն երկու օր է՝ ինչ ստորագրահավաք է ընթանում՝ Գրիգոր Մինասյանին աշխատանքից ազատելու հարցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։ ՔՊ-ականները պաշտոնապես պատճառը չեն հրապարակում, սակայն, ըստ ամենայնի, դա կապված է Մինասյանի որոշման հետ՝ փոխնախարար առաջարկել նշանակել Սիրվարդ Գևորգյանին, որը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր նախկին կամ ներկա ընկերուհին է։
24News-ը տեղեկության հաստատման կամ հերքման համար դիմեց ԲԴԽ։ Կառույցի մամուլի քարտուղար Մերի Գևորգյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ տեղեկատվությունը «զուտ բամբասանք և ասեկոսե է», որը ԲԴԽ-ն չի մեկնաբանում։