ՀՀ-ՌԴ միջխորհրդարանական կապերը հատուկ տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում․ ԱԺ փոխխոսնակ
Քաղաքական
ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահների երրորդ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում էր: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Վահե Ղալումյանը, Ալեքսեյ Սանդիկովը եւ Շիրակ Թորոսյանը:
Աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որի օրակարգային թեման էր «Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարները»:
Ողջույնի խոսքում Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միջխորհրդարանական կապերը հատուկ տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում: Նա հավելել է, որ Միջխորհրդարանական հանձնաժողովը շարունակում է մնալ կառուցողական երկխոսության եւ արդյունավետ աշխատանքի հիմնական հարթակ` նշելով, որ ընթացիկ տարին նշանավորվել է Ռուսաստանի հետ երկխոսության ակտիվացմամբ, տեղի են ունեցել բազմաթիվ փոխադարձ այցելություններ եւ հանդիպումներ, իսկ երկու երկրների ղեկավարների միջեւ շփումները կրել են շարունակական բնույթ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրենսդրական փոխգործակցության ընդլայնմանը, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին: Կարեւորվել են երիտասարդական եւ կրթական նախաձեռնությունների խթանումը, հումանիտար ու տարածաշրջանային համագործակցության խորացումը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)