Ռուս բլոգերի դեմ քրվարույթ է նախաձեռնվել հայերի նկատմամբ վիրավորական արտահայտությունների համար
Բլոգոսֆերա
Ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանում Վարդավառի տոնին հայերի նկատմամբ սոցցանցերում վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար: Այդ մասին ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է «Вот Так» պարբերականի հարցմանն ի պատասխան։
Քրեական հետապնդման հիմք է դարձել բլոգերի հրապարակած տեսանյութը, որտեղ նա քննադատել է Վարդավառի տոնը, ինչպես նաև հայերին անվանել «առնետային ժողովուրդ», ինչը լայն արձագանք է առաջացրել ինչպես հայ օգտատերերի, այնպես էլ ռուսական համայնքի մի մասի շրջանում։
Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ համացանցի միջոցով հրապարակայնորեն ատելություն և խտրականություն հրահրելուն ուղղված հայտարարություններ կատարելու հատկանիշներով։ Հոդվածը նախատեսում է 1-ից 4 տարի ազատազրկում։
Նախաքննության ընթացքում բլոգերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ինքնակամ բացակայելու արգելքը։
Հուլիսի 14-ին հրապարակված տեսանյութում նա քննադատել էր Վարդավառի ընթացքում մարդկանց ջրելու ավանդույթը՝ այն անվանելով անտակտ և ագրեսիայի դրսևորում։ Հետագայում հրապարակած տեսանյութերում նա ցույց էր տվել, թե ինչպես են տոնի մասնակիցները ջրում իրեն, ինչից հետո հայտարարել էր, որ հայերը «առնետային ժողովուրդ» են, և դժգոհել, որ ջրելու հետևանքով վնասվել են իր հագուստները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն