Մեր անցյալը վերաիմաստավորելու ևս մեկ օր՝ ապրիլի 24
Բլոգոսֆերա
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամեն տարի երբ մոտենում է ապրիլի 24-ը և մեր երիտասարդությունը նման կոչեր է անում, երթեր, խոսքեր չմոռանալու մասին, նկարներն է փոխում ֆեյսբուքում և այլն ես լիովին հասկանում եմ իրենց ինչ որ պահ նույնիսկ ուրախանում, որ նման պահանջատեր սերունդ է մեծանում: Բայց մի կողմից էլ զայրանում եմ, ուզում ուղղորդում տալ ասել որ.....ավելի լավ է ներկայացնեմ 2004թ. նույն օրը օրագրումս կատարած գրառումը.
Մեր անցյալը վերաիմաստավորելու ևս մեկ օր
Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, ցանկացած հայորդու նման ես նույնպես վերցնում եմ ծաղիկների մի փունջ և հանդարտ մաղող անձրևի տակ քայլերս ուղղում դեպի Ծիծեռնակաբերդ: Հարգանքի այդ մի քանի հարյուր քայլերը լուռ անցնելով' մտովի փորձում եմ վերապրել պատմական այդ ժամանակահատվածը, տեղի ունեցածը և առհասարակ երևույթը: Ցավագին այս հարցը շատերին է հուզել և հուզում է մինչև օրս: Հայ ժողովրդի անասելի դժբախտությունն աշխարհում օրեցօր ավելի արդիական թեմա է դարձել: Անցած 90 տարիները բավական են կատարվածը լիարժեք ընկալելու համար: Եղեռնի զոհերին հիշելուց զատ' փորձենք հասկանալ, թե արդյո՞ք ոչինչ հնարավոր չէր ձեռնարկել մարդկային այդաստիճան զոհեր չտալու համար: Մեզ՝ հայերիս, հատուկ է սեփական դժբախտության մեջ ուրիշներին մեղադրել և ոչ սեփական բախտը տնօրինել չսիրող ազգին:
Այո’, չերկնչենք ասել, որ մենք ենք մեղավորը, որ մեզ մեր տան շեմին մորթել են: Վերստին պիտի նշեմ, որ ամեն ազգ իր ճակատագրի տնօրենն է: Անհերքելի է, որ հայ ազգը շատ է տառապել օտար նվաճողների լծի տակ, որոնցից ամենադաժանը թերևս եղավ Օսմանյան կայսրությունը, որն էլ իր ցեղին հատուկ բորենային ոգեկոչմամբ իրականացրեց մարդկության կողմից մինչ այդ չտեսած դաժանությունը:
Սակայն, իմ շա’տ սիրելի հայրենակիցներ, եկեք ձեզանից շատերի հետ չհամաձայնեմ, որ հայ ժողովուրդը չէր կարող պայքարել: Ինչպես միշտ, այդ ժամանակ էլ ազգի նվիրյալները, որոնք կազմում էին մի ստվար զանգված, պայքարում էին և ոչ այնքան անարդյունավետ: Այդ ազգամորթման ամոթալի իրականությունը մեզ՝ այսօրվա սերնդիս համար այնքան էլ դուրեկան չէ:
Ողջ աշխարհին աղաչիր, որ ճանաչեն քո դժբախտությունը: Ուժեղները չեն աղաչում, իսկ եթե ուժեղ լինեինք, մեզ չէին մորթի:
Արևմտյան Հայաստանի ցանկացած գավառում ցեղասպանության իրականացման ժամանակ, եթե կազմակերպվում էր քիչ թե շատ ուժեղ ինքնապաշտպանություն, ապա նման մեծ զոհեր չէին ստացվում: Այսինքն, եթե հայ ռամիկը զենք էր վերցնում ձեռքը, ապա թուրքի զորքը չէր կարողանում նրա ընտանիքը մորթել ու բռնաբարել: Հարկավոր է վերլուծել այս բարդ երևույթը: Բոլոր ժամանակների ամենահայը' Գարեգին Նժդեհը, ասել է, որ հայի մեջ ապրում է օտարամոլ մուրացկանը, որ միշտ ապավինում է օտարներին և ոչ սեփական ցեղային հոգեկերտվածք ունեցող դյուցազուններին, ովքեր կերտում են սեփական պատմություն: Միայն նրանք են, որ տասով մահուն ընդառաջ գնալու քաջությամբ հաղթում են հազարին:
Այո’, մենք խաղաղասեր ենք, այո’, մենք բարի ենք, երիցս այո’, մենք գիրն ենք պաշտում բոլոր առաքինություններից առավել, սակայն ճիշտ ժամանակն է խոստովանել, որ այդ ամենից առաջ անհրաժեշտ է զենք պաշտել և զորական ուսմունք: Եվ եթե հայ տղան մանկուց փափագեր զենք կրել ու հանուն ազգի զինվորագրվեր, ապա մենք անբառաչ գառների հոտի նման կերակուր չէինք դառնա օսմանցու ոհմակին:
Ոչ մի մեծ իրադարձություն չի կարող միանգամից ծագել առանց նախապատմության: Հնարավոր չէր, որ երիտթուրքերն իրենց գործողություններով զգացնել չտային այդ ամենը, և եթե անգամ նրանք չմատնեին իրենց իրական առաքելությունը, ապա բազմամյա պատմությունը բավական պիտի լիներ, որ մեր ազգի երևելիները հայի վառօդը միշտ չոր պահեին:
Այստեղ կարող է լինել միայն մեկ բացատրություն՝ հայը նորից ու նորից հավատում էր եվրոպացուն կամ ամերիկացուն՝ այն դիմակավոր դերասաններին, ովքեր այլ ազգերի դիակների վրա կառուցում են իրենց հզորությունն ու բարեկեցությունը: Իսկ մարդասիրական ատոմային ռումբներն ու համամարդկային արժեքները լավ քողարկված ծրագրեր են մեզ նման փոքր ու միամիտ ազգերին ծուղակը գցելու համար:
Մարդկության չափ հին ու պարզ է այս ճշմարտությունը: Անցնող 90 տարիները բավական են այս ամենը հասկանալու համար: Եվ այն ազգը, որը դա չի հասկացել, ստիպված է կրկին ու կրկին անգամ կորուստներ տալ:
Ահա, թե ինչ է հարկավոր սերմանել այն գալիք սերնդին, ով իրավունք չունի մոռանալ այդ անմեղ զոհերին և այն հողերը, որոնք դեռ չարագործների ձեռքին են: Եվ այն ազգը, որ այս ամենը ճիշտ կմատուցի իր նոր սերնդին, այն ազգը, որը պատրաստ կլինի անցնել հոգեկերտվածքի հեղաշրջման բոցերի միջով, կարող է հետ շրջել պատմության անիվը:
Ահա, թե ինչ եմ ես մտածում ամեն տարի՝ ապրիլի 24-ին՝ անձրևի տակ հանդարտ քայլերս ուղղելով դեպի եղեռնի հուշահամալիր»:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան