Վարդան Պողոսյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը
Քաղաքական
Ազգային ժողովում մեկնակել են սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումները: Նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց Հիմնական զեկուցող, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը: Իր ելույթում նա ընդգծեց, որ Սահմանադրություն սահմանում է մարդու և պետության միջև հիմնարար հարաբերությունները և պետական իշխանո ւթյան կառուցվածքը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ժամանակակից Սահմանադրություն ունի երկու հիմնական խնդիր՝ երաշխավորել մարդու հիմնական իրավունքները և սահմանել ժողովրդավարության և իրավական պետության պահանջներին համապատասխանող պետակակն իշխանության մարմինների համակարգ: «Ի սկզբանե յուրաքանչյուր Սահմանադրություն ստեղծվում է երկար կյանք ունենալու ակնկալիքով: Սահմանադրությունը պետք է ունենա այնպիսի բովանդակություն, որ մի կողմից արգելք չհանդիսանա ընթացիկ օրենսդրության միջոցով արձագանքելու հասարակական հարաբերություններում տեղի ունեցող փոփոխություններին, քանի որ հասարակությունը ինքնին հարափոփոխ է և, հետևաբար, հրամայական է դառնում Սահմանադրությունների այնպիսի ճկունությունը, որը նպաստում է հասարակության զարգացմանը: Մյուս կողմից Սահմանադրությունը պետք է ունենա այնպիսի բովանդակություն, որը թույլ չտա ընթացիկ օրենսդրությամբ այն հաճախակի փոփոխությունների ենթարկել և նենգափոխել դրա էությունը»,- նշեց Պողոսյանը:
Վարդան Պողոսյանը նկատեց, որ 1995թ. ընդունված ՀՀ Սահմանադրությունը իշխանակենտրոն էր և ամրագրում էր անձնակենտրոն իշխանական համակարգ: Այդ Սահմանադրության առանցքը մարդը չէր իր հիմնական իրավունքներով, այլ հանրապետության նախագահն էր իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ գերակա դիրքով: «Այսինքն, 1995թ. Սահմանադրությունը սահմանել էր կառավարման այնպիսի համակարգ, որը հեռու էր հավասարակշռված լինելուց: 2005թ. բարեփոխումները, կարևոր քայլ լինելով հիմնական իրավունքների երաշխավորման և պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին, այդուհանդերձ, չկարողացան ամբողջականորեն լուծել մարդակենտրոն Սահմանադրություն ստեղծելու և հավասարակշռված կառավարման համակարգ հաստատելու հիմնախնդիրները»,- նշեց ՀՀ նախագահի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ այսօր՝ անկախության հռչակումից քառորդ դար անց, չի կարելի փաստել, որ Հայաստանում ժողովրդավարությունը կայուն հիմքերի վրա է, հիմնական իրավունքները պաշտպանված են, ձևավորվել է կառավարության արդյունավետ համակարգ, իսկ դատարաններն անկախ են և անաչառ: «Ուստի առաջարկվող սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներն են երկրում կայուն ժողովրդավարական համակարգի հաստատումը և իրավական պետության անկյունաքարը հանդիսացող իրավունքի գերակայության երաշխավորումը: Իրավական պետությունում իշխանությունը սահմանափակված է մարդու՝ անմի ջականորեն գործող հիմնական իրավունքներով, իսկ պետական իշխանական համակարգի գործունեության հիմքում ընկած է իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը: Կենսունակ և ուժեղ հասարակություններում գերակայում են քաղաքական ազատությունն ու բազմակարծությունը, իսկ ժողովրդավարական քաղաքական համակարգն ապահովում է այնպիսի մեխանիզմներ, որոնք վճռորոշ են դարձնում հանրության ձայնը հանրային իշխանությունների գործունեության համար»,- մանրամասնեց Պողոսյանը:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել