Էդմոն Մարուքյանն ինֆորմացիայի պակաս ունի. մարզպետները՝ փոխմարզպետների կրճատման առաջարկի մասին
Քաղաքական
Աժ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է վարչապետին՝ փոխմարզպետների քանակի և, առհասարակ, այդ հաստիքի գոյության առնչությամբ։
Մարուքյանը նշել է, որ 1-ի փոխարեն, յուրաքանչյուր մարզում գործում են 2-3-ական մարզպետի տեղակալներ. այսպիսով՝ Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց Ձորի մարզպետներն ունեն 2-ական, իսկ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Տավուշի մարզպետները՝ 3-ական տեղակալներ: «Նրանցից յուրաքանչյուրին համայնքային բյուջեի հաշվին սպասարկում են օգնականներ, վարորդներ, կցված են ծառայողական ավտոմեքենաներ և այլն: Որևէ կերպ արդարացված չէ մարզպետների տեղակալների թվի ավելացումը, իսկ նրանց կրճատումը զգալիորեն կխնայի պետական միջոցները»,- ասել է Մարուքյանը:
Նախ նշենք, որ փոխմարզպետների թվի ավելացման որոշումը եղել է 2003թ՝ քաղաքական կոալիցիա կազմելու ժամանակ, իսկ փոխմարզպետների օգնականների մասին որոշումը կազմվել է 2018թ իշխանափոխությունից հետո ձևավորված կառավարության կողմից:
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում համաձայնեց մարզպետարանի աշխատակազմի՝ ուռճացված լինելու մտքի հետ և նշեց, որ խորհրդակցությունների մեջ է տարածքային կառավարման նախարարի հետ, որպեսզի կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ մեկտեղ, օպտիմալացվեն նաև մարզպետարանների աշխատակազմերը:
«Թվերի հետ կապված՝ մի փոքր վերապահում կունենամ. համաձայն եմ, որ 3 փոխմարզպետը շատ է, բայց 2 փոխմարզպետներն էլ արդեն բավականին ծանրաբեռնված են աշխատելու, 1-ն էլ, թերևս, քիչ կլինի, քանի որ պատասխանատվության շրջանակների ընդլայնման հետ զուգահեռ՝ մեկ փոխմարզպետն արդյունավետ չի կարողանա աշխատել: Ես հակված եմ 2 փոխմարզպետ ունենալուն, մեկն ակնհայտորեն քիչ է»,- մանրամասնեց Կոտայքի մարզպետը:
Մեր այն հարցին, թե 1, կամ, առավել ևս, 2 փոխմարզպետների աշխատանքն այդչափ ծանրաբեռնված է լինում նունիսկ այն դեպքում, երբ վերջիններս ունեն նաև օգնականնե՞ր, Ռոմանոս Պետրոսյանը նշեց. «Այո՛, այդ դեպքում նույնպես ծանրաբեռնված են, քանի որ մի քանի ոլորտներով են բաշխված»:
Մեր զրուցակիցը նշում է, որ Էդմոն Մարուքյանը լավ ինֆորմացված չէ մարզպետարանի կազմի մասին, քանի որ, ըստ Ռոմանոս Պետրոսյանի, Կոտայքի փոխմարզպետները չունեն ծառայողական մեքենաներ. «Փոխմարզպետներն ունեն մեկական օգնականներ, գործավարուհիներ չունեն նույնիսկ»: Ընդհանուր առմամբ, Ռոմանոս Պետրոսյանը 2 փոխմարզպետների առկայությունը կարևորում է կառավարության կառուցվածքային փոփոխությունից հետո Տարածքային կառավարման նախարարության լիազորությունների ընդլայնման համար:
Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ եթե արդյունավետության մասով է դիտարկվում, ապա 2 փոխմարզպետ ունենալն առավել արդյունավետ է, քան 1-ը:
«Նախկինում փոխմարզպետների պաշտոնները քաղաքական նշանակումներ են եղել, դրա համար նրանք շատ դեպքերում չէին արդարացնում իրենց: Հիմա նշանակում ենք ոլորտներով, ինչը արդյունավետ է»,- ասաց Վայոց Ձորի մարզպետը և հավելեց՝ եթե կառավարության կողմից որոշվի, որ 1 փոխմարզպետով պետք է շարունակեն աշխատել, ապա կշարունակեն այդպես, թեկուզ և ծանրաբեռնված:
Իսկ թե 1 փոխմարզպետ ունենալու դեպքում 1 օգնականը բավարար կլինի՞, քանի որ ծանրաբեռնվածության մասին է խոսվում, Տրդատ Սարգսյանը պատասխանեց, որ 1 օգնականը բավարար կլինի:
Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում