Եթե մարդը նպաստառու է ու ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում՝ ինչ-որ բան այն չէ
Հասարակություն
ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում է նպաստների համակարգ առավել արդյունավետ դարձնելու հարցը: Մատենադարանում հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ օրերս նպաստների վերաբերյալ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած իր գրառմանը:
«Տարբեր տեղերից, քրեական գործերի հարուցման արդյունքում պարզվեց, որ անարդար կերպով սոցիալական նպաստներ են նշանակված եղել: Այդ հարցը ծագեց և բանկային տվյալների համադրությամբ խնդիրը բացահայտվեց: Թափանցիկության տրամաբանությունից ելնելով՝ աշխատանքային տեղեկատվությամբ կիսվեցի հանրության հետ: Եթե մարդը նպաստառու է ու ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում այդտեղ ակնհայտ է, որ ինչ-որ բան այն չէ: Կան տեսակետներ, որ այո, պետք է դնել ու այդ մարդկանց նպաստները կտրել, սակայն կան տեսակետներ, որ պետք է հասկանալ, թե ինչ իրավիճակ է»,- այս մասին նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նա տեղեկացրեց, որ Ռանչպար գյուղ այցելելիս հանդիպել է մի ընտանիքի, որը նպաստ էր ստանում, սակայն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով ամիսը 150 թե 200 հազար դրամի վարկ էր մարում:
«Կոնկրետ այդ ընտանիքի օրինակով ես տեսա, որ կարող է սոցիալապես անապահովության չափանիշներին համապատասխանող ընտանիքն այդքան վարկ փակի: Բայց եթե մարդը Երևանի կենտրոնում բնակարան է գնել ու ամիսը 1 մլն դրամ վարկ է փակում, ինչ է, մենք պետք է շարունակե՞նք նրանց նպաստ տալ: Հետևաբար` մենք զբաղվում ենք այդ թեմայով, բայց դա չի նշանակում, որ փակ աչքերով բոլորին պետք է զրկենք, ընդհակառակը, ձգտում ենք համակարգը արդյունավետ դարձնել»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)