Գազի գնի թանկացում չենք ունենալու․ Գարեգին Բաղրամյան
Քաղաքական
«2019 թվականին բանակցել ենք, և արդեն կա որոշակի պայմանավորվածություն, որ գազի գնի թանկացում չենք ունենալու»,-այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով` այժմ քննարկվում է 4-5 տարվա համար նախատեսված մոդել, որի համար ռուսական «Գազպրոմ»-ը խումբ է ձևավորելու, որպեսզի համատեղ քննարկումներ լինեն և վերջնական մոտեցումները դրվեն նաև հանրային քննարկման:
Անդրադառնալով նրան, թե գազի սահմանային գնի 15 դոլարի տարբերությունը կարող է քննարկումների արդյունքում փոխհատուցվել «Գազպրոմ»-ի ծախսերի և եկամուտների հաշվին, Գարեգին Բաղրամյանը նշեց.
«Միայն դրա չէ, նաև դրա հաշվին է փոխհատուցվելու: Երբ մոդելային ծրագրի քննարկումը կավարտենք, հաշվարկները և բոլոր մոտեցումները կդնենք հանրային քննարկման, բոլորը տեղյակ կլինեն, հետո միայն կոնկրետ որոշումներ կիրականացվեն»,- ասաց նա: Թե երբ կավարտվեն բանակցությունները, Գարեգին Բաղրամյանը հստակ ժամկետ չնշեց` ասելով, որ չգիտի նույնիսկ, թե ռուսական խումբը երբ կժամանի քննարկումների համար:
Հարցին, թե արդյոք այս ընթացքում «Գազպրոմ Արմենիա»-ում նկատվել են չարաշահումներ, Բաղրամյանը պատասխանեց. «Ես չեմ հիշում, թե հայտնաբերված լինեն: Չարաշահումներ հայտնաբերվել են, օրինակ` պետական ընկերություններում, էներգետիկ համակարգում, որոնք ներդրումներում և գնման ընթացակարգերում չարաշահումներ են արել: Այդ երևույթները պարբերաբար բացահայտվում են, քանի որ հսկողության ներքո են և ՊՎԾ-ն կամ Վերահսկիչ պալատը հայտնաբերված չարաշահումները ներկայացնում են դատախազություն»:
Գարեգին Բաղրամյանը նշեց, որ «Գազպրոմ»-ում կա աշխատակիցների օպտիմալացման խնդիր և 500-1000 աշխատող կրճատվել է երեքից հինգ տարիների ընթացքում: Անդրադառնալով նրան, թե սա որքանով կնպաստի սակագնի նվազմանը կամ չբարձրացմանը, Բաղրամյանն ասաց. «Հիմա, եթե կոնկրետ չասեմ, օրինակ` 1000 աշխատողի կրճատումը ինչի կհանգեցնի, կարելի է ուղղակի այդ թիվը բազմապատկել միջին աշխատավարձով և տեսնել, որ այն կհանգեցնի X թվով ծախսի կրճատման: Այդ ամեն ինչը պիտի գործոնային նայել կամ սպասել բոլոր հաշվարկների և քննարկումների ավարտին»:
Հարցին՝ բացառվա՞ծ է արդյոք, որ մայր «Գազպրոմ»-ը կարող է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և գնի սակագինը բարձրացնելու հայտ ներկայացնել, Բաղրամյանը պատասխանեց. «Չեմ կարող բացառել, որովհետև օրենքով ունի այդ իրավասությունը, բայց դա կլինի մեր բանակցությունների և պայմանավորվածությունների խախտում»:
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան