Երաշխավոր լինելն արդեն աջակցություն է, բայց այդ աջակցությունը քրգործի վրա ազդեցություն չի կարող ունենալ
Քաղաքական
Հայաստանի օրենսդրությամբ կա մեղադրյալի, ամբաստանյալի երաշխավորման ինստիտուտ, որով հեղինակավոր մարդիկ երաշխավորում են նրա խափանման միջոցը փոխելու համար: Հիմա, Ռոբերտ Քոչարյանի համար էլ երաշխավորել են Արցախի ներկայիս և նախկին նախագահները։ Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված՝ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի դիմումին։

ԼՈւՐԵՐ․com-ի հարցին, թե արդյո՞ք այս քայլով Արցախի իշխանություններն ակնհայտորեն ցույց չեն տալիս իրենց աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին, Մարուքյանը պատասխանեց․ «Ես քաղաքականության մեջ ոչինչ չեմ բացառում։ Երաշխավոր լինելն արդեն աջակցություն է, բայց այդ աջակցությունը քրեական գործի վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։ Եթե չեմ սխալվում, որոշ ժամանակ առաջ նաև Արցախի խորհրդարանի պատգամավորների ստորագրություններ կային ի աջակցություն Քոչարյանի։ Սա նորություն չի և զարմանում եմ, որ դուք զարմանում եք»։
Անդրադառնալով նրան, թե Արցախի գործիչների դիմումի մեջ քաղաքական միտում տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, Մարուքյանը նկատեց, որ ցանկացած քաղաքական գործչի գործողություններում քաղաքական ենթատեքստ կա․ «Ճիշտ է, և՛ նախկին, և՛ գործող նախագահները քաղաքական մարդիկ են, հետևաբար, նրանց արարքներում կարելի է փնտրել քաղաքական ենթատեքստ։ Մենք խոսում ենք իրավական պրոցեսի մասին, որ մարդիկ իրավական ընթացակարգով ասում են՝ մենք երաշխավոր ենք պատրաստ լինել»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով՝ հաշվի կառնվի, թե ոչ, դա գլխավոր դատախազի գործն է։
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)