Անձնապես մեծ համակրանք ունեմ Վիտալի Բալասանյանի նկատմամբ. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր` մայիսի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին: Հանդիպումից հետո երկու խորհրդարանների նախագահները լրագրողների հետ ճեպազրույց ունեցան` ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքների վերաբերյալ: Այնուհետև խորհրդարանների նախագահները պատասխանեցին մի քանի հարցի:
Աշոտ Ղուլյանին ուղղված հարցին, թե ինչպիսին է նրա գնահատականը ԱՀ և ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ընթացող դատավարության վերաբերյալ, արդյո՞ք նա ևս կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատության մեջ գտնվի, քանի որ Արցախի նախկին և գործող նախագահները երաշխավորագիր ներկայացնելով դիմել էին ՀՀ դատախազին, որպեսզի Քոչարյանն ազատ արձակի, Աշոտ Ղուլյանն արձագանքեց. «Անկեղծ ասած, այս հարցում յուրաքանչյուր մեկնաբանություն կարող է նոր հակասությունների առիթ դառնալ: Ես կարծում եմ, որ այս ընթացքում այն, ինչ ասվել կամ արվել է՝ բավարար է հասկանալու համար, որ դա չի արվել դատաքննության վրա ազդելու համար, այլ` կալանքը փոխելու: Ես ուզում եմ, որ մենք դրան վերաբերվենք զուտ մարդասիրական, գործընկերային և ընկերական հարաբերությունների արդյունք: Վստահ եմ` տեղյակ եք, որ մենք խորհրդարանի ներկայացուցիչներով ևս նման ընթացագիր ենք ներկայացրել, որով ևս խնդրում էինք, որպեսզի դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց` փոխվի»,-ասաց Աշոտ Ղուլյանը:
Հարցին՝ Վիտալի Բալասանյանի արձագանքից հետո և, առհասարակ, կա՞ արդյոք լարվածություն Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջև, Արարատ Միրզոյանը պատասխանեց` նախաբանում կոչով դիմելով լրագրողներին. «Ես, իհարկե, հասկանում եմ ձեր մասնագիտական հետաքրքրությունները` գրավիչ վերնագրեր եթեր տալու ուղղությամբ, բայց անկեղծ խնդրանք և առաջարկ ունեմ ձեզ: Ուզում եմ մարդկային և գործընկերական կոչ անել` ընթացող հիմնական և դրական գործընթացների տպավորությունը առանձին դրվագներով չփչացնել: Անդրադառնալով հարցին, ասեմ, որ ես անձնապես մեծ համակրանք ունեմ Վիտալի Բալասանյանի նկատմամբ: Հասկանում եմ, որ Արցախում արդեն նախընտրական շրջան է, բայց կառաջարկեի, որ մեր գործընկերները իրադարձություններից շատ առաջ չընկնեն: Կուզենայի, որ Վիտալի Բալասանյանի` առանց տեսախցիկների արվող հայտարարությունները համընկնեն տեսախցիկների առաջ արված հայտարարությունների հետ»,-ասաց Արարատ Միրզոյանը:
Ամփոփելով ճեպազրույցը, ԱՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդգծեց, որ հայկական երկու պետությունների հարաբերությունները միշտ էլ եղել են բարեկամական և եղբայրական: Նրա խոսքով` աշխատանքային հարցերում կարող են տարաձայնություններ լինել, բայց դա որևէ կերպ չի կարող նսեմացնել երկու պետությունների հարաբերությունների մակարդակը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան