Բենզինը թանկանալու է, բայց չնչին. Հայկ Գևորգյան
Քաղաքական
«Համաշխարհային շուկայում բենզինի գների աճ կա, ու քանի որ այն Հայաստանում ներկրվող ապրանք է, հետևաբար, գնային աճն ազդեցություն է ունենալու նաև այստեղի շուկայի վրա»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:
Պատգամավորը նշեց` գնային այդ դինամիկան բնական է, բայց իրեն անհանգստացնում է այն հանգամանքը, որ բոլոր բենզալցակայաններում միաժամանակ է գինը փոխվելու: «Ես իրավունք ունեմ հարց բարձրացնելու, որ գոյություն ունի կարտելային համաձայնություն ասվածը: Բենզինի շուկայում տնտեսվարողները միասին պայմանավորվում են գինը: Գնային աճը չնչին է լինելու: Օրինակ` մինչև հեղափոխությունը, «Ռեգուլյար» բենզինն արժեր 450 դրամ, հետո՝ կտրուկ իջավ 400 դրամ ու հիմա միջազգային պրոցեսների ճնշման տակ է»,-ասաց պատգամավորը:
Հարցին, թե բենզինի թանկացումը սեզոնո՞վ է պայմանավորված, Հայկ Գևորգյանը պատասխանեց. «Այո, ընդհանրապես ամռանից առաջ ամբողջ աշխարհում բենզինը թանկանում է: Զբոսաշրջության ժամանակաշրջանն է գալիս, բայց մանավանդ, որ տատանումները չնչին են, կարծում եմ, որ այդ առումով անհանգստանալու կարիք չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով բոլոր բենզալցակայաններում միաժամանակ թանկանալուն՝ Հայկ Գևորգյանը պարզաբանեց իր անհանգստության պատճառը. «Տեսեք, տարբեր տնտեսվարողների մոտ, տարբեր պիտի լինի գնային քաղաքականությունը, բայց մեզ մոտ, որքանով ես եմ նկատել, միաժամանակ բարձրանում և իջնում է: Կարծում եմ, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովն այս առումով անելիք ունի: Պետք է ստուգեն, թե ինչով է պայմանավորված այդ ներդաշնակությունը: Տնտեսվարողներ կան, ովքեր վաղուց ներկրել են բենզին ավելի շատ, քան մնացած տնտեսվարողները և թե´ թանկացման, թե´ էժանացման պարագայում նրանք տվյալ շրջանում շուկայում սահմանված գնով են վաճառում: Գուցե դա շուկան է թելադրում, ես բան չունեմ ասելու, բայց, ամեն դեպքում, հանձնաժողովն անելիք ունի»,-ասաց պարգամավորը:
Հարցին, թե արդյոք հանձնաժողովն իրավունք ունի տնտեսվարողին ասել, որ եթե նա վաղուց է ներկրել էժան գնով բենզին, ապա միանգամից չբարձրացնի գինը, պատգամավորը պատասխանեց. «Չէ, ոչ մեկ ոչ մեկին դա ասելու իրավունք չունի: Եթե տնտեսվարողը ուզենա արագ վաճառել իր բենզինը, ապա, գուցե չթանկացնի, բայց, շատ անգամ հնարավոր է, որ առիթից օգտվելով՝ թանկացնեն: Ամեն դեպքում, հանձնաժողովը ստուգումներ պիտի անի, նաև այն առումով, որ գնային աճը մի քանի օրում գոնե լինի, այլ ոչ թե րոպեների ընթացքում»,-եզրափակեց Հայկ Գևորգյանը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ