Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին
Արտաքին Քաղաքական
Մայիսի 17-ին աշխատանքային այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին, որը նվիրված էր նաև Եվրոպայի խորհրդի 70-ամյակին:
Հյուրերին ուղղված ողջույնի խոսքերով հանդես եկան Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Թիմո Սոինին և գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նախարար Մնացականյանը, շնորհավորելով բոլորին կառույցի 70-ամյակի կապակցությամբ, իր ելույթում նշեց. «Մեր հավաքական հանձնառություններին ուղղված բազմաթիվ մարտահրավերների լույսի ներքո եվրոպական միասնությունը պարտադիր պահանջ է: Ժողովրդավարության արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության անտեսումը, ինչպես նաև դրանց ձախողումների հանդուրժումը հանգեցնում են հավաքական ամնեզիայի:
Մենք մոռանում ենք, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն անցյալ 70 տարիների դժվարին աշխատանքի արդյունքն են: Մենք պետք է հիշենք, որ Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են:
Համընդհանուր ժողովրդավարական եվրոպական տարածքը հենց այնպես չի տրվել: Թե՛ մեր ազգային և թե՛ մեր հավաքական եվրոպական հաստատությունները հետևողական ապրապնդման կարիք ունեն»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆինլանդիային Նախարարների խորհրդում արդյունավետ նախագահության համար և հաջողություն մաղթեց Ֆրանսիային իր հետագա նախաձեռնություններում: Նստաշրջանի ավարտին կազմակերպության նախագահությունը Ֆինլանդիայից փոխանցվեց Ֆրանսիային: Նախորդ օրը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մասնակցեց Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ