Հակոբ Արշակյանը հանդիպել է Համաշխարյանին բանկի ներկայացուցիչների հետ
Քաղաքական
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Համաշխարհային բանկի ֆինանսների, մրցունակության և նորարարության գլոբալ դեպարտամենտի տնօրեն Ալֆոնսո Գարսիա Մորային, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Մարիալիզա Մոտտային, Համաշխարհային բանկի առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքների ծրագրի ղեկավար Կարեն Գրիգորյանին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, հանդիպման ընթացքում նախարարը, ներկայացնելով նորաստեղծ նախարարության առաջնահերթությունները, կարևորել է Հայաստանում ազգային վենչուրային ֆոնդ ստեղծելու նախաձեռնությունը, որը գործելու է հանրային և մասնավոր գործընկերության սկզբունքով (PPP)։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սիլիկոնյան հովտում իր ունեցած հանդիպումների ընթացքում այս նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների, այդ թվում՝ հայ մասնագետների ու հայկական ծագման ընկերությունների շրջանակում։
ՀԲ ներկայացուցիչները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանում ինժեներական գիտության բարձր մակարդակը և այս ներուժը լավագույնս օգտագործելու՝ նորաստեղծ նախարարության նպատակները:
Կարևորվել են Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերը, մասնավորապես, «Ինժեներական քաղաքի», կիբերանվտանգության և նորարարության աջակցման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև քննարկվել են ազգային վենչուրային ֆոնդի ֆինանսավորման հետ կապված, թվային տնտեսության ուղղությամբ հնարավոր համագործակցության ուղղությունները։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան