ՊԵԿ-ի նախաձեռնությամբ մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով
Քաղաքական
Հունիսի 11-ին Երևանում մեկնարկել է առևտրի դյուրացմանն ուղղված տարածաշրջանային աշխատաժողով, որի աշխատանքները համակարգում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
Աշխատաժողովի կազմակերպմանն աջակցել են Համաշխարհային մաքսային կազմակերպությունը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ասիական զարգացման բանկը ու ՄԱԿ-ի` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովը (UN ESCAP), տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մինչև հունիսի 13-ը տևող աշխատաժողովում քննարկվելու են էլեկտրոնային առևտրի դերին, առևտրի ֆինանսավորմանը, «Ազգային մեկ պատուհան» հարթակին, ինչպես նաև նորարարությունների և տեխնոլոգիաների միջոցով առևտրի խթանմանն առնչվող հարցեր: Դիտարկվելու են ոլորտային հիմնական ձեռքբերումները, իսկ միջազգային փորձագետների կազմակերպած կլոր սեղան-քննարկումների ժամանակ ուղենշվելու են ոլորտի զարգացման հետագա քայլերը:
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը աշխատաժողովի բացմանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում առևտրի դյուրացումը մշտապես եղել է օրակարգային հարցերից մեկը, որի ուղղությամբ հստակ քայլեր են կատարվել. «ՊԵԿ-ի նախաձեռնությամբ իրականացման փուլում է ԵՄ Արևելյան համագործակցության շրջանակում և ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև ուղեկցող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումն ու փոխանակումն ապահովող մեխանիզմի ներդրումը: Կոմիտեն կարևորում է նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան անդրսահմանային առևտրի դյուրացման շրջանակային համաձայնագրի բարեհաջող վավերացումը»:
Տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցում են Ռուսաստանից, Չինաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ֆիլիպիններից և Աֆղանստանից ժամանած փորձագետներ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)