Գյումրիում հարգեցին ռուս-թուրքական պատերազմում զոհվածների հիշատակը
Հասարակություն
Գյումրու «Պատվո բլուր» հուշահամալիրում օգոստոսի 20-ին գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ 1828, 1855 և 1877-1878 թվականներին՝ ռուս-թուրքական պատերազմում զոհված 240 զինվորականների հիշատակին նվիրված միջոցառում: Ի հիշատակ նրանց, ում աճյուններն ամփոփված են այս վայրում, ծաղիկներ ու ծաղկեպսակ դրվեցին, հնչեցին երկու երկրների օրհներգերը, կատարվեց հիշատակի կարգ՝ ձեռամբ ռուս ուղղափառ եկեղեցու բարեշնորհ սարկավագ Տիմոֆեյի: Իսկ մինչ այդ 1 րոպե լռությամբ ներկաները հարգեցին նրանց հիշատակը:
Միջոցառմանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնևը, պաշտոնատար այլ անձինք, 102-րդ ռազմաբազայի և սահմանապահ ջոկատի զինվորներ և սպաներ: ՌԴ փոխհյուպատոսը կարևորեց նմանօրինակ հիշատակի միջոցառումները, որոնք խոսում են հայ և ռուս ազգերի դարավոր բարեկամության մասին:
«Նախ ողջ հյուպատոսության անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այսօր այստեղ հարգում են 19-րդ դարում ռուս-թուրքական պատերազմում զոհված հերոսների հիշատակը: «Պատվո բլուրը» երկու ազգերի դարավոր բարեկամության վառ ապացույցն է: Ըստ պատմական աղբյուրների հենց այստեղ են իրենց վերջին հանգրվանը կնքել 240 սպա ու զինվոր: Հենց այս բլուրի վերականգնում է խոսում դարերի խորքից եկող կապի մասին: 9 տարի առաջ երկու երկրների նախագահների կողմից բացված այս հուշահամալիրը մասունք է հավատարմության ու բարեկամության»,-նշեց ՌԴ փոխհյուպատոս Դմիտրի Գրիդնևը:
2009թ. Շիրակի և ՌԴ Ուլյանովսկի մարզերի իշխանությունների նախաձեռնությամբ ու հայ-ռուսական բարեգործական «Պատվի գործ» կազմակերպության համատեղ ջանքերով այս տարածքում իրականացվել են բարեկարգման և վերակառուցման աշխատանքներ, կառուցվել է ռուս սպաների հիշատակը հավերժացնող հուշարձան:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն