Հելսինկիում պատմության մեջ առաջին անգամ հունվար ամսին ձյան տեղումներ չեն գրանցվել
ԱյլՊատմության մեջ առաջին անգամ Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում ողջ հունվարն անցել է առանց ձյան տեղումների, մինչդեռ երկրի հյուսիսում ձյան ռեկորդային տեղումներ են գրանցվել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի օդերևութաբանական ինստիտուտը:
«Հելսինկիի օդերևութաբանական կայանում հունվար ամսին ոչ մի սմ ձյուն չի գրանցվել: Դա առաջին անգամ է տեղի ունենում օդերևութաբանական կայանի պատմության մեջ»,- հայտնել են կազմակերպությունից:
Ֆինլանդիայի տարածքի 60 տոկոսի համար հունվար ամիսը սովորականից 7-8 աստիճանով ավելի տաք է եղել, ինչն առավել համապատասխան է մարտ-ապրիլ ամիսների եղանակին: Օդի ամենաբարձր ջերմաստիճանը հունվարին գրանցվել է Տուրկու քաղաքում հունվարի 21-ին՝ հասնելով 9.2 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:
Իրավիճակը երկրի հյուսիսային շրջանում ամբողջովին այլ է: Հունվարի 30-ին հյուսիսային հատվածում 111 սմ ձյուն է գրանցվել, և դա արդեն 7-րդ ռեկորդային ցուցանիշն է այս տարվա հունվարին: