Այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, որի օրակարգում ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ անելու նախագիծն է, սակայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն նախաձեռնողն այսօր առավոտյան հետ է կանչել արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նիստի օրակարգում այլևս հարց չի մնացել, նիստը համարվում է փակված։ Ըստ երևույթին՝ ինչ-որ տեխնիկական խնդիրների պատճառով է նախագծերը հետ կանչվել։ Այսօր առավոտյան նախաձեռնողը նոր, համանման, ըստ երևույթին ոչ բովանդակային փոփոխություններով օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ և «Իմ քայլը» խմբակցությունը միջնորդել է կրկին հրավիրել Ազգային Ժողովի խորհրդի արտահերթ նիստ, մենք 1 ժամից կունենանք խորհրդի արտահերթ նիստ, որտեղ քննարկելու ենք այսօր գումարել ԱԺ արտահերթ նիստ»,-ասաց Միրզոյանը։
Միրզոյանը պատգամավորներին խնդրեց մնալ ԱԺ շենքում։
Հիշեցնենք, որ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ պետք է քննարկեին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվեր «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ պետք է քննարկեր նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է դադարեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարումը։