Ամերիկուհու առաջին հանդիպումը համացանցային ընկերոջ հետ ավարտվել է բանկի թալանով
ԱյլԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակչուհին պատահաբար դարձել է բանկի կողոպուտի մասնակից: Այդպես է ավարտվել նրա համացանցային ծանոթության առաջին հանդիպումը, գրում է The Sun Chronicle-ը:
Շելբի Սամփսոնն (Shelby Sampson) սկսել է շփվել Ռոդ Այլենդ նահանգի բնակիչ Կաստիլոյի հետ ծանոթությունների համար նախատեսված հավելվածում: 2016 թվականի դեկտեմբերի 5-ին զույգն առաջին անգամ հանդիպել է: Այդ օրն էլ Կաստիլոն որոշել է հանցագործություն կատարել: Համաձայն դատարանում ներկայացրած վկայությունների՝ Սամփսոնը մեքենայով գնացել է Կաստիլոյի մոտ, ապա միասին մեկնել են Մասաչուսեթս: Նշվում է, որ ճանապարհին տղամարդը գինի է խմել մեքենայում:
Նա խնդրել է իր նոր ծանոթուհուն կանգնել բանկի դիմաց, ապա հեռացել է: Մի քանի րոպե անց նա վերադարձել է քրտնած, իսկ գլխին՝ սև գլխարկով:
Պարզվել է, որ նրա մոտ եղել է նաև ատրճանակ, գումար և արևային ակնոցներ:
Տղամարդը նստել է մեքենան և բղավել. «Գազ տու՛ր... գրողը տանի»: Սամփսոնը հեռացել է ավտոմեքենայով, բայց հետո նկատել է, որ իրենց ոստիկանական մեքենաներ են հետևում և կանգ է առել: Կաստիլոն տեղում բերման է ենթարկվել:
Նշվում է, որ ամերիկացին ատրճանակի սպառնալիքով բանկից մեկ հազար դոլար է վերցրել: Հետագայում նա նշել է, որ ընդամենը փողի կարիք է ունեցել: