«Փաստ». Գագիկ Ասլանյանը հերքում է
Հայկական Մամուլ«Փաստ» թերթը գրում է. «Երեկ որոշ լրատվամիջոցներում ոչ պաշտոնական տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի դոցենտ Գագիկ Ասլանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ նույն բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի՝ «անհիմն շնորհված» դոկտորական ատենախոսության կապակցությամբ:
Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունից նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Որոշ մանրամասներ ստանալու խնդրանքով դիմեցինք Գագիկ Ասլանյանին, սակայն նա նշեց, որ իր անվան հետ կապված տեղեկությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: «Ես երբեւէ որեւէ դիմում դատախազություն չեմ ուղարկել»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ասլանյանը»: