«Ժողովուրդ». Ջրերը մեկ առվով չեն հոսել
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, բանակում առկա իրավիճակի մասով Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունների պաշտոնատար անձինք ազատվեցին պաշտոնից: Մասնավորապես, պաշտոնից ազատվեց ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը, եւ նրա փոխարեն ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց ՌՈ օպերատիվ գծով պետի տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանը:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, նորանշանակ ՌՈ պետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանի եւ ՌՈ նախկին պետի ջրերը մեկ առվով չեն հոսել, ինչին անգամ խառնվել են ղեկավար մարմինները եւ հորդորել զսպվածություն դրսեւորել:
Բանն այն է, որ Ռազմական ոստիկանությունում տարածված խոսակցությունների համաձայն՝ ՌՈ արդեն նախկին պետ Արթուր Բաղդասարյանը ոչ բոլոր աշխատակիցների հետ է նորմալ աշխատանքային հարաբերություններ ունեցել, որոնցից մեկն էլ եղել է Ալեքսանդր Աղաջանյանը:
Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանությունում է հայտնվել պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի շնորհիվ, ինչը Արթուր Բաղդասարյանի սրտով չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որն ի պատասխան հայտնեց. «Ես նման տեղեկություն չունեմ եւ չեմ կարող այդ հարցը մեկնաբանել»: