Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ
ԻրավունքԵրեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, այսօր՝ օգոստոսի 27-ին, մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին կալանքից ազատելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։
Նշենք, որ պաշտպանական կողմը դատարանին միջնորդել է Գագիկ Խաչատրյանին ազատ արձակել կամ առնվազն գրավ կիրառել։ Պաշտպանները պնդել են, որ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որեւէ հիմք չկա, գործից թաքնվելու կամ խոչընդոտելու ռիսկ նույնպես չկա։ Նրանք մատնանշել էին նաեւ Խաչատրյանի առողջական խնդիրները, պնդելով, որ իրենց պաշտպանյալի առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը եւ Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։