Վաչագան Ղազարյանի վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել
ԻրավունքԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի վերաբերյալ նոր քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ քրեական գործի առիթ է հանդիսացել այն, որ Վաչագան Ղազարյանը իր կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին, պետական պահպանության ծառայության աշխատակից վարորդ է տրամադրել։ Նաև նշվում է, որ ՊՊԾ-ի 6 այլ աշխատակիցներ հսկել են Վաչագան Ղազարյանին ու նրա կնոջը պատկանող «Յանս» ռեստորանային համալիրը։
Նշեք, որ Վաչագան Ղազարյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետն էր։ 2020 թվականի փետրվարին Հատուկ քննչական ծառայությունը կարճել էր Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի ընդհանուր քրեական գործը, որն առնչվում էր ինչպես հարկերից խուսափելուն, այնպես էլ ապօրինի հարստացմանը։