ՍԴ երկու դատավորների ընտրության օրը հայտնի է
ԻրավունքԱզգային ժողովի խորհրդի նիստում նախատեսվում է հաստատել սեպտեմբերի 14-ից մեկնարկող նստաշրջանի օրակարգը, որի մեջ ինչպես ԼՈՒՐԵՐ․com-ը տեղեկացավ, ընդգրկված է 51 հարց: Քննարկվող հարցերի թվում է նաև Սահմանադրական դատարանի անդամների ընտրության հարցը, սակայն հետաքրքրական է՝ օրակարգում միայն 2 թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի և Արթուր Վաղարշյանի հարցն է: Իսկ իշխանության թեկնածու Էդգար Շաթիրյանի ընտրության հարցը օրակարգում ընդգրկված չէ:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վերջնական որոշել է չընտրել նախագահի ներկայացրած թեկնածու Արթուր Վաղարշյանին։ Այսպես ասած՝ իշխող խմբակցությունը որոշել է հակադրվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը հուլիսի 3-ին՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր. «Սահմանադրական դատարանի դատավորներին պետք է ուղղակի նշանակել հետագայում, ոչ թե ընտրել»:
Ինչ վերաբերում է Երվանդ Խունդկարյանին, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներքին կարգով վատ եզրակացություն էր տվել նրա կատարած աշխատանքին՝ ընդգծելով, որ Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնել Հայաստանը: Ու հիմա ԱԺ իշխանական խմբակցությունը, այդ եզրակացությունից ելնելով, կարող է նրան էլ դեմ քվեարկել: