«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան նախապատրաստելու հարցով զբաղվում է Գեւորգ Գորգիսյանը
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիան նախապատրաստելու հարցով հիմնականում զբաղվում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին խորհրդարանում քննարկվելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը, եւ հենց այդ քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցությունը անվստահություն է հայտնելու Արայիկ Հարությունյանին եւ որպես հիմք ներկայացնելու է հենց դեռ հուլիսի 3-ին ԱԺ կայքում հրապարակված հարցադրման պատասխանը:
Եվ, ահա, դրան զուգահեռ էլ պետք է ԼՀԿ-ի համակիրներն ու կուսակիցները բողոքի ակցիա անեն ԱԺ դիմաց՝ պահանջելով նախարարի հրաժարականը: Հենց այդ հարցերով էլ զբաղված է Գեւորգ Գորգիսյանը՝ ձգտելով այնպես անել, որ այդ օրը մարդաշատ լինի: Եվ ուշագրավ է, որ այդ օրը խորհրդարանում տեղի են ունենալու ավանդական ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը, եւ նախարար Հարությունյանը եւս խորհրդարան է գալու:
Նշենք, որ դեռ ամիսներ առաջ ընդդիմադիր խմբակցությունը հարցապնդում էր ուղարկել կառավարություն եւ բարձրացրել այնպիսի հարցեր, որոնք այս տարիների ընթացքում՝ Հարությունյանի նախարար նշանակվելուց հետո, լուծում չեն ստացել: Եվ չնայած նախարարությունը մանրամասն անդրադարձել է դրանց եւ փորձել համոզել, թե աշխատանք է տարվել, սակայն նրանք չեն համոզվել, եւ բանը հասել է անվստահություն հայտնելուն»: