17-ամյա անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ Գորիսի 31-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու համար
Իրավունք2020թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 19:30-ին, «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջային պատի ծակած-կտրած թափանցող վերք, ներքին արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գորիս քաղաքի 31-ամյա բնակիչ:
Դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 18-ին` ժամը 17:30-ից 18:00-ի սահմաններում, 31-ամյա բնակիչը մարմնական վնասվածքը ստացել է Գորիս համայնքի Բարձրավան բնակավայրի ակումբի շենքի հարեւանությամբ նույն բնակավայրի 17-ամյա անչափահասի հետ ունեցած անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության, քաշքշուկի եւ փոխադարձ կռվի ընթացքում: Վերջինս, գրպանում պահած սուր ծակող-կտրող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է 31-ամյա տղամարդու որովայնին` պատճառելով ծանր մարմնական վնասվածք:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են վկաներ, տուժողը, կատարվել է առերեսումներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 17-ամյա անչափահասին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: