Նախօրոք որևէ պայմանավորվածություն չի եղել. Երվանդ Խունդկարյանը` իր անձի շուրջ խոսակցությունների մասին (տեսանյութ)
ԻրավունքԳործող սահմանադրությամբ էականորեն փոփոխվել է Սահմանադրական դատարանի կազմը համալրելու ընթացակարգը և ներկայումս դրա համաձայն՝ ՍԴ-ն պետք է ունենա նաև դատավորներ, որոնք առաջադրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավորի թեկնածու Երվանդ Խունդկարյանը:
«Ընդհանուր ժողովը կարող է առաջադրել միայն դատավորների, իսկ նախօրոք եղած պայմանավորվածությունների մասին խոսակցությունները հերքում եմ, չեն եղել և չեն էլ կարող լինել»,- ընդգծեց թեկնածուն: Խունդկարյանը առաջ քաշեց այն դիտարկումը, թե իրեն մեղադրողները կարդացե՞լ են Եվրոպական դատարանի համապատասխան վճիռը. «Այդ վճիռը վերաբերել է հետևյալին. արդար դատաքննության իրավունքի որևէ խախտում դատավոր Խունդկարյանի գործով տեղի չի ունեցել, ընդհակառակը, ստեղծվել է համապատասխան միջավայր, այն է` հավասարություն` կողմերի համար մրցակցելու տեսանկյունից»:
ՄԻԵԴ-ը արդար դատավարության իրավունքների խախտում է արձանագրել և թե ինչպես դա կանդրադառնա Խունդկարյանի ընտրության վրա, վերջինս պատասխանեց. «Ես չեմ կարող գնահատական տալ` ինչպես կանդրադառնա, որովհետև այդ կարծիքը պատգամավորներին տրված կարծիք է և պետք է նրանց ուղղորդի»,- ասաց թեկնածուն: