ՄԻՊ-ի ներկայացուցիչները հանդիպել են «Արմավիր» ՔԿՀ-ում ինքնավնասում կատարած Տիգրան Բադալյանին
ԻրավունքՄարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս, այդ թվում՝ օգոստոսի 25-ից հացադուլ և ջրադուլ իրականացնող կալանավորված անձ Տիգրան Բադալյանի հետ: Այցի պահին նրա շրթունքները կարված են եղել, իսկ սեպտեմբերի 23-ին կատարել է ևս մեկ ինքնավնասում՝ ոտնաթաթերը մահճակալի փայտյա հատվածին գամելու եղանակով: Պարզվել է, որ նա սեպտեմբերի 13-ից սկսած հրաժարվել է նաև բժշկական օգնությունից և սպասարկումից:
Առանձնազրույցի ընթացքում Տ. Բադալյանը հայտնել է, որ ծայրահեղ միջոցների դիմելը պայմանավորված է դատարանի վարույթում գտնվող քրեական գործով իրեն առաջադրված անհիմն մեղադրանքով:
Այս առնչությամբ պարզաբանվել են Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին, ուսումնասիրվել են առողջական փաստաթղթերը:
Այսօր Պաշտպանի աշխատակազմ լրացուցիչ տեղեկություններ են ներկայացվել, որ առավոտյան ոտնաթաթերը գամելու հանգամանքով պայմանավորված Տ. Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև այցի պահին հացադուլ իրականացնող ազատությունից զրկված մյուս երկու անձի հետ, ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը:
Այցի արդյունքները կամփոփվեն և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բարձրացված հարցերի կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: