Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ավարտվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց կալանքից:
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորված էր սեպտեմբերի 25-ից։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի պաշտպանները կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել, ինչը դատարանը մերժել էր։
Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):