ԱԱԾ-ն հերքում է, Մայր Աթոռը՝ հաստատում. Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հրավիրվե՞լ է ԱԱԾ
ԻրավունքԱյսօր տեղեկություն էր հրապարակվել, որ Նիկոլ Փաշինյանի անմիջական ցուցումով օրերս ԱԱԾ է հրավիրվել Մայր Աթոռի դիվանապետ գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` իշխանություններին ուղղված իր քննադատություններ պատճառով: Ըստ Past.am-ի աղբյուրների, փորձ է արվել սպառնալիքի միջոցով Արշակ սրբազանին լռեցնել:
Լրատվամիջոցը կապ է հաստատել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանի հետ: «Այո, հրավիրվել է»,- հաստատել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը և հավելել. «Մնացյալը մեր պարզաբանելիքը չէ»:
Սակայն ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Արթուր Գևորգյանը հերքեց տեղեկությունը՝ նշելով, որ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը ԱԱԾ չի հրավիրվել։
Հիշեցնենք, որ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը օրերս Ֆեյսբուքում գրել էր. «Նիկոլ Փաշինյանը ձախողել է երկրի ղեկավարումը և պետք է հեռանա ժողովրդի և իրավապահների միջև բախումներից և, որ ամենից վտանգավորն է, արյունահեղությունից խուսափելու համար: Ժամանակն է անձնական անվտանգությունը զոհել պետության ապագայի համար»: