Լիլիթ Մակունցը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի
ԻրավունքՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 23-ին և մակագրվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին։
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին Գառնիկ Իսագուլյանը հայտարարել էր, թե մինչև հեղափոխությունը Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Լիլիթ Մակունցը, Արսեն Խառատյանը և այլք հաճախ մեկնել են Թբիլիսի՝ ԱՄՆ դեսպանատան միջոցով հանդիպելու հատկապես ադրբեջանցիների ու թուրքերի հետ:
Նա նշել էր, որ ամբողջ հեղափոխությունը ֆինանսավորվել է թուրք-ադրբեջանական փողերով և ընդգծել. «Անձամբ Լիլիթ Մակունցը փորձել է այս գործում ներգրավել Սլավոնական համալսարանի ուսանող, մի քանի լեզուների տիրապետող Անդրանիկ Հովհաննիսյանին, սակայն վերջինս, հասկանալով՝ ինչի մեջ են ուզում ներքաշել, հրաժարվել է»: