Քոչարյանի գործով դատական նիստում քննվում է Գլխավոր դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր) քննվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին բացարկ հայտնելու վերաբերյալ: Պաշտպան Հայկ Ալումյանը նշել է, որ միջնորդություն ներկայացնելու համար հիմք են հանդիսացել 2020 թվականի նոյեմբերի 30-ին վարչապետի մոտ իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հնչած մտքերը: Ալումյանի պնդմամբ` ՀՀ վարչապետի և գլխավոր դատախազի միջև փոխհարաբերություններն այնպիսին են, որ վարչապետը կարող է Արթուր Դավթյանին հրավիրել իր մոտ և քննարկման առարկա դարձնել կոնկրետ քրեական գործերի ընթացքը:
Հաշվի առնելով, որ միջնորդությունը վերաբերվում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բացարկին, դատավորը հիշեցրել է միջնորդությունը հրապարակելիս եւ քննարկելիս Դավթյանի ներկա լինելու իրավունքի մասին: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշել է, որ մասնակցող դատախազները կարող են հրապարակել մեղադրանքի դիրքորոշումը, եւ հրաժարվել է Դավթյանի ներկայությունն ապահովելու համար առաջարկված ընդմիջումից: