Միխայիլ Եֆրեմովը «անհետացել է» գաղութից
ԻրավունքՄահվան ելքով ավտոճանապարհային պատահարի համար դատապարտված դերասան Միխայիլ Եֆրեմովի ընկերը MK թերթին հայտնել է, որ արտիստին ուղարկված նամակները հետ են վերադարձվում:
Թերթի զրուցակիցն ասել է, որ ինքը պարբերաբար նամակագրական կապ է ունեցել Եֆրեմովի հետ: Վերջինս նրան ասել էր, որ վերջերս մրսել է, բայց ընդհանուր առմամբ լավ է զգում և նույնիսկ դիտում է իր մասնակցությամբ հեռուսասերիալը: Դերասանի ընկերը պատասխանել էր այդ նամակին, բայց դրանից հետո նրանց միջև նամակագրական կապն ընդհատվել է:
«Սա հիմնավորվում է նրանով, որ նամակը չի առաքվել, քանի որ «հասցեատերը տարվել է մեկ այլ հաստատություն», - ասել է նա:
Ինչպես հայտնի է, հունիսի 8-ի երեկոյան հարբած Եֆրեմովը Jeep Grand Cherokee ավտոմեքենայով Մոսկվայի կենտրոնում դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել է «Լադա» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը հետագայում մահացել էր հիվանդանոցում: Դատարանը Եֆրեմովին դատապարտել էր ութ տարվա ազատազրկման, այնուհետև Մոսկվայի քաղաքային դատարանը ժամկետը կրճատել էր` հասցնելով այն յոթուկես տարվա։