«Հրապարակ». Գլխավոր դատախազը կգնա Ազգային ժողով
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը ԱԺ է ներկայացրել 2022 թ․ գործունեության մասին հաղորդումը, որն առաջիկայում դատախազը կզեկուցի։ Ըստ հաղորդման՝ նախորդ տարվա համեմատ հանցագործության դեպքերն ավելացել են ավելի քան 7 հազարով՝ կազմելով մոտ 38 հազար։ Առանձնապես ծանր հանցագործությունների աճը կազմել է 151․1 տոկոս՝ 2021-ին գրանցվել է 350 դեպք, անցած տարի՝ 880։ Փոխարենը 3 դեպքով նվազել են ինքնասպանությունները՝ 188 դեպք։ 76.3 տոկոսով աճել է թմրանյութի ապօրինի շրջանառությունը։
Պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններն աճել են 563-ով՝ 3 հազար357 դեպք։ Աճել են նաեւ կաշառք տալու, փողերի լվացման եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելու դեպքերը։ Կոռուպցիոն հանցագործությունների գծով քրեական հետապնդման է ենթարկվել 44 պաշտոնատար անձ, այդ թվում՝ դատավորներ»: