Երեկ և այսօր ադրբեջանցիները կրակել են Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակիցները տարհանվել են
ՀասարակությունԵրեկ երեկոյան ժամը 19:00-ից 23:00 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
Կրակոցների հետևանքով ժամանակավորապես դադարեցվել է հանքի աշխատանքը: Գրիգորյանի խոսքով՝ գիշերը, ընդհանուր առմամբ, վիճակը հանգիստ է եղել:
«Առավոտյան կրակոցները նորից վերսկսվել են, որի հետևանքով որոշում ենք կայացրել դադարեցնել հանքավայրի աշխատանքը և տարհանել աշխատակիցներին»,- հայտնեց Գրիգորյանը:
Նրա պնդմամբ՝ այս պահին իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան: Աշխատակիցների շրջանում տուժածներ և վիրավորներ չկան: