«Միասին» շարժման ներկայացուցիչները հավաքվում են Ազատության հրապարակում
Հասարակություն«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման ներկայացուցիչները հավաքվում են Ազատության հրապարակում, որտեղ քիչ անց տեղի է ունենալու իրազեկման միջոցառում։ Իրազեկման թեմաներն են՝ Բրյուսելում ընդունված որոշումների վտանգավոր հետևանքները, Կորնիձորի «Հանուն Արցախի՝ ընդդեմ Ադրբեջանի» միջոցառման կարևորությունը և անհրաժեշտությունը, դատական համակարգում կատարվող անօրինականությունների նպատակներն ու հնարավոր հետևանքները։
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, նշենք, պարբերաբար բողոքի ակցիաներ, հանրահավաքներ է իրականացնում։ Շարժումը հայրենիքի համար ծայրագույն վտանգի այս պահին կոչ է անում միավորվել և պահանջել ՀՀ Ազգային ժողովից ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը , որը նա ձեռք է բերել օրինական և լեգիտիմ ճանապարհով, Ադրբեջանին չպատկանող տարածքներում, անհապաղ գործնական քայլեր իրականացնել Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար, արտաքին և ներքին բոլոր ոլորտներում ձախողված և պատերազմում երկիրը պարտության տարած վարչապետի և իր թիմի անհապաղ հեռացումը՝ համաժողովրդական ճնշմամբ՝ ձևավորելով հակաճգնաժամային արհեստավարժ ժամանակավոր կառավարություն։
Շարժումը հիմնադրել են ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Սերժ Սրապիոնյանը, Արամ Գասպարի Սարգսյանը և այլք: