Կարծում եմ, մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը․ նախագահ
ՏեսանյութերՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Նախևառաջ, պարոն վարչապետ, ուզում եմ մեկ անգամ ևս իմ աջակցությունը հայտնել Ձեզ և կառավարությանն այն քաղաքականության վերաբերյալ, որը դուք իրականացնում եք կառավարության հետ միասին, որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
Դրա հետ կապված անցած շաբաթ կարևոր իրադարձություններ էին մեր քաղաքական կյանքում՝ սկսած բրյուսելյան հանդիպումից, որից հետո Դուք հստակ արտահայտեցիք Հայաստանի Հանրապետության կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում Ադրբեջանից:
Սա կարծում եմ, շատ կարևոր հայտարարություն էր և նաև ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն: Կարծում եմ, մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը: Իրականում այն ինչին գնում է այսօր կառավարությունը՝ ես նկատի ունեմ այն քայլերը, որոնք արվում են և երկրի ներսում, և արտաքին քաղաքականության ասպարեզում, միտված են դրան»,- ասել է Խաչատուրյանը։